AybPod

Ayb Educational Foundation

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

  1. #72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը

    12/18/2024

    #72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ծնող Ռուզան Ղազարյանը, որի երկու երեխաներն են դպրոց գնում, և «Այբ» դպրոցի ծնող Լիլիթ Մկրտչյանը, որի չորս երեխաներն են դպրոցահասակ: Լիլիթ Մկրտչյանի ընտանիքում կրթությունն առաջնահերթություն է: Նա գտնում է, որ եթե ուզում ենք ապագայի վառ տեսլական ունենալ, պետք է ամուր հիմքերի վրա դնել կրթությունը որպես համակարգ: Ներգրավվածություն չի նշանակում, թե ինչ գնահատական ստացավ երեխան, ինչ թվանշան ունի օրագրում, որն, ըստ նրա, մեզ տանում է կործանման: Առանցքային ուշադրություն պիտի դարձնել բովանդակության վրա, միասին քննարկել որևէ բան, կարծիք հայտնել, քննադատական մտածողության տեսանկյունից նայել և այլն: Երբեմն մեկ երեխայի դասը դառնում է ամբողջ ընտանիքի քննարկման թեման, որին միանում են հայրիկն ու մյուս երեք երեխաները, և կրթությունը դառնում է հաճելի պրոցես բոլորի համար: Ռուզան Ղազարյանի համար էլ թվանշանը երբևէ կարևոր չի եղել: Դպրոցում ծնողի ներգրավվածությունը չի չափվում ֆինանսական ներդրմամբ, այլ դպրոցի առօրյայի մեջ ներգրավմամբ: Կարևորը երեխայի՝ դպրոց հաճույքով հաճախելն է, ոգևորելը անգամ ծնողներին, որ նրանք էլ մի նոր բան սովորեն: Չէ՞ որ մեր երեխաներն ապրում են այլ ժամանակներում, նրանք ունեն բազմաթիվ հնարավորություններ, և ծնողները միշտ պիտի սովորեն նրանց հետ զուգընթաց:

    40 min
  2. #71 | Մեկնարկել է դպրոցի տնօրենների վերապատրաստման ծրագիր

    11/21/2024

    #71 | Մեկնարկել է դպրոցի տնօրենների վերապատրաստման ծրագիր

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում անդրադարձել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մեկնարկած «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագրին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ Մրցույթի փուլերը հաղթահարած մասնակիցներին ողջունելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասաց, որ ընտրության փուլը բարդ է եղել, հարցազրույցների ընթացքում տարբեր բացահայտումներ են արել, ծանոթացել նորարար ու հեռանկարային ռազմավարություն առաջարկող տնօրենների թեկնածուների հետ: Փոխնախարարն ասաց, որ մեկ ուղղությամբ աշխատանք չէ, որ ակնկալում են տնօրենից, որովհետև վարչարարական և առաջնորդական հմտություններն ու կարողությունները անբաժան մասն են տնօրենի գործունեության: Բայց մյուս կողմից սա այն աշխատանքն է, որ առանց կրթության բովանդակությանն առնչվելու չես կարող իրականացնել, անգամ եթե դու լավ վարչարար ես: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, այս ծրագրի փորձագետ Արամ Փախչանյանին հարցերը շատ են: Նա էլ նշեց, որ յոթ ամիս շարունակ ինտենսիվ աշխատելու են, հասցնելու են անդրադառնալ տնօրենների հավակնորդներին հուզող բոլոր հարցերին: Փախչանյանը հորդորեց իրար վերաբերվել ոչ թե որպես մրցակիցներ, այլ թիմ, սովորել իրարից, բարձրաձայնել խնդիրներն ու մարտահրավերները: «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի» կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը մասնակիցներին քաջալերեց խիզախել, հնարավոր ամեն բան վերցնել ծրագրից, որպեսզի կարողանան կառուցել այնպիսի դպրոցական միջավայր, որում ներգրավված յուրաքանչյուր կողմ շահագրգիռ կլինի համագործակցել ու աշխատել: Տնօրենների թեկնածուների համար դեռ ամեն բան նոր է. անգամ կատակում են, որ եթե իսկապես հաջողվի ծրագրի սահմանված նպատակներին հասնել, հրաշքի պես մի բան կլինի, քանի որ վերապատրաստման ծրագիրն իսկապես հեռանկարային է, իսկ Արամ Փախչանյանը վստահեցրեց, որ վերապատրաստելու են միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան, մրցունակ դպրոցի տնօրենների:

    18 min
  3. #69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի

    08/04/2024

    #69 | Հոգեբանը պիտի դերձակ լինի

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում քննարկել ենք հոգեբանի դերը հանրակրթական դպրոցում: Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի հոգեբան Իննա Խաչիյանը 1996 թվականից է աշխատում ուսումնական հաստատություններում, սակայն հանրակրթական դպրոցում հոգեբանի հաստիքը ներդրվել է շատ ավելի ուշ: Դպրոցի հոգեբանի գործառույթները խիստ տարբերվում են այլ հոգեբանների աշխատանքից: Եթե մասնագետը աշխատասենյակում նստած սպասի, թե երբ են աշակերտներն իր մոտ գալու, որ պատմեն հույզերի, ձեռքբերումների ու անհաջողությունների մասին, բաց կթողնի ամենակարևորը: Դպրոցի հոգեբանը շրջում է անդադար, կազմակերպում տարբեր հանդիպումներ, ակտիվ համագործակցում ուսուցչական և ծնողական համայնքի հետ: Ուսուցիչները չափազանց ծանրաբեռնված աշխատանքային ժամեր ունեն, հետևաբար հոգեբանի ներկայությունը դպրոցում կամուրջ է դառնում, որ խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան: Պատահում է, որ ուսուցիչը վրդովվում է աշակերտի պահվածքից և հոգեբանի դիտարկումների շնորհիվ է, որ մեկ այլ տեսանկյունից է մոտենում հարցին ու պարզում, որ այն ավելի հեշտ լուծելի էր, քան ինքը պատկերացնում էր: Խաչիյանը վստահ է, որ չկան վատ աշակերտներ. ամեն մարդու մեջ կարելի է հենակետ բացահայտել ու ոգեշնչել նրան: Հոգեբանի գործառույթների, մինչև այժմ գրանցված հաջողությունների, անելանելի իրավիճակների և այլ հարցերի մասին է այս թողարկումը:

    30 min
  4. #67 | Կրթությունն ամառային արձակուրդներին

    07/05/2024

    #67 | Կրթությունն ամառային արձակուրդներին

    «Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքում Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիներ Սեդան, Մարիամը և «Այբ» դպրոցի 11-րդ դասարանցի Նարեն քննարկում են, թե ինչպես են ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպում իրենց կրթությունը: Աղջիկներից ամեն մեկը տարբեր հետաքրքրություններ ունի՝ ժամանակն ընտանիքի հետ անցկացնելուց, գրքեր ընթերցելուց մինչև իսպաներեն սովորել ու կավի հետ աշխատել: Ասում են, որ ամեն բան հավասարակշռության մեջ է. եթե ճիշտ պլանավորել օրը, ժամանակ կգտնվի և՛ կրթվելու, և՛ զվարճանալու ու հանգստանալու համար: Նարեն, օրինակ, այս ամառ նշաձող է սահմանել հասնել իսպաներենի նոր մակարդակի ու նախապես ծանոթանալ եկող ուսումնական տարվա գրականության ցանկին: Մարիամն էլ ասեղնագործել է սովորել ու ասում է, որ գրքեր կարդալ այդքան էլ չի սիրում ամռան ընթացքում, փոխարենը ընկերների ու ընտանիքի հետ է ժամանակ անցկացնում: Սեդան անձնական աճին նպաստող գրքերով է տարվել ու կավագործությամբ: Աշակերտներն անդրադառնում են նաև նորագույն տեխնոլոգիաներին, քննարկում արհեստական բանականության դերն իրենց կրթության մեջ և տալիս խորհուրդներ՝ ինչ անել, որ ամառն անցնի զիլ:

    16 min
  5. #66 | Նախագծահեն ուսումնառություն. դպրոցից մեծ աշխարհ մտնելու լավագույն ձևը

    06/26/2024

    #66 | Նախագծահեն ուսումնառություն. դպրոցից մեծ աշխարհ մտնելու լավագույն ձևը

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրը կրթության փորձագետ, «Այբ» դպրոցի հայոց լեզվի և գրականության առարկայական խմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանն է: Նախորդ թողարկման ընթացքում մենք քննարկել ենք նախագծահեն ուսումնառությունը տարրական դասարաններում թեման, իսկ այժմ ավելի ընդգրկուն ենք անդրադառնում հարցին: Կրթության փորձագետն ասում է, որ մեզանում թյուրըմբռնում կա, թե նախագիծ անելն ու նախագծահեն ուսումնառությունը նույնն են, իրականում երկու տարբեր երևույթներին մանրակրկիտ անդրադարձ անելով՝ Անահիտ Հովհաննիսյանը առարկայական օրինակներով է ցույց տալիս հիմնական տարբերությունները: Պատմելով «աղանդեր», «խավարտ» և «շվեդական սեղան» բնորոշումները ստացած նախագծերի մասին` նշում է, որ եթե սրանք փոքրիկ հանձնարարություններ են, որոնք ևս աշակերտին տալիս են հմտություններ, գիտելիք, ապա նախագծահեն ուսումնառության առանցքային պահանջն է վերջնարդյունք սահմանելը: Սա է պատճառը, որ ուսուցիչները կարիք ունեն այսպես ասած տեխնիկական վերազինման, վերապատրաստումների, որպեսզի պատկերացնեն, թե ինչպես է այս մեթոդն աշխատում: Բազմաթիվ են կարողությունները, որոնք զարգանում են նախագծահեն ուսումնառություն իրականացնելիս, այդ թվում՝ ստեղծարարություն, թիմային աշխատանք, պատասխանատվություն, հաղորդակցություն և այլն:

    47 min
  6. #65 | Սեփական նախագիծ 7 տարեկանում

    06/08/2024

    #65 | Սեփական նախագիծ 7 տարեկանում

    «Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են «Այբ» դպրոցի տարրական դասարանի դասվարներ Մարինե Ստեփանյանը և Հայարփի Սաղաթելյանը: Դպրոցում տարրական դասարաններից սկսած իրականացվում է երկու տեսակի նախագծային ուսումնառություն՝ միջառարկայական և մենառարկայական: Ուսուցչուհիները պատմում են իրենց իրականացրած նախագծերի մասին և նշում, որ այս ուսումնառությունը կրթությունը դարձնում է հաճելի, դինամիկ գործընթաց: Ամենակարևորը, որ թիմային աշխատանքի միջոցով որոշակի ճանապարհ անցնելով՝ երեխաները ձեռք են բերում գիտելիքներ ու զարգացնում հմտություններ, որոնք կիրառելի են կյանքում: Մարինե Ստեփանյանը բերում է դպրոցում իրականացված «Ջրի նախագիծ» օրինակը և փաստում, որ յոթ տարեկան երեխաներն այնքան էին տարվել աշխատանքով և այնքան նոր բաներ էին սովորել, որ ավարտից հետո հետևողական էին բոլորի հանդեպ, որ ջուրը չվատնեն: Հայարփի Ստեփանյանն էլ մեկ այլ օրինակ է մտաբերում, երբ մայրենի լեզու, կերպարվեստ ու ինֆորմատիկա առարկաների համատեղ նախագիծ են արել ու մի քանի առակներ վերածել տեսաաուդիո պատմության: Երկար ժամանակ օգտագործելով նախագծային ուսումնառությունը դպրոցում՝ ասում են, որ բացասական որևէ դիտարկում չունեն: Այս մեթոդը ուսուցչից լրացուցիչ ջանք է պահանջում, բայց այն ավելի քան արդարացված է, որովհետև տալիս է երկարաժամկետ ու արմատական գիտելիք:

    31 min

About

Այբփոդը «Այբ» կրթական հիմնադրամի փոդքասթն է կրթության մասին։ Ամիսը երկու անգամ մենք անդրադառնում ենք կրթության ոլորտի հետ կապված որևէ թեմայի, քննարկում, վերլուծում, լսում փորձագետների, պատմում հաջողությունների ու նորարարությունների մասին, պատրաստվում առաջիկա մարտահրավերներին։

You Might Also Like